«Թող ինձ ներեն, բայց ես չեմ հավասարվի նրանց մակարդակին». Անատի Սաքանյան

23.09.2017


Դերասանուհի Անատի Սաքանյանը հանրությանն ավելի հայտնի դարձավ «Ֆուլ հաուս» սիթքոմից, որտեղ նա ներկայանում էր Ռուզաննայի կերպարում: Չնայած Անատին այժմ հեռուսատաէկրաններին չի երևում, բայց շարունակում է ստանալ աշխատանքային տարբեր առաջարկներ: Blognews.am-ի իրականացրած ֆոտոշարքում դերասանուհին «թղթե աղջիկ» կերպարում էր, ինչն Անատիի համար նորություն էր, իսկ հարցազրույցի ընթացքում խոսել է ոճի, նախասիրությունների, ժամանակավոր դադարի, ընտանիքի մասին, ինչպես նաև չի մոռացել վերջակետ դնել իր արտաքինի մասին այդքան քննարկված թեմաներին:

Ինչպե՞ս էիք Ձեզ զգում «թղթե աղջիկ» կերպարում:

Իրականում այս կերպարում դեռ երբեք չէի լուսանկարվել: Ինձ համար շատ հաճելի էր. այս հագուստով փողոց դուրս չես գա, չես գնա միջոցառման և վերջապես նման հագուստ ուրիշի հագին չես տեսնի: Յուրաքանչյուրն այս կերպարում տարբեր բան կարող է տեսնել, և ես շատ ուրախ կլինեմ կարդալ, թե ով ինչ տեսավ: Իմ արած ցանկացած աշխատանքից հետո իմ երկրպագուները միշտ կիսվում են ինձ հետ: Կարծում եմ՝ լավ գաղափար էր, և ես արված աշխատանքից շատ գոհ եմ:

Իսկ առօրյայում ինչպե՞ս եք նախնտրում հագնվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ հանրության ուշադրության կենտրոնում եք:

Ես կարող եմ շատ տարբեր լինել՝ խիստ դասական հագուստից մինչև ավելի սպորտային, շատ վառ շպարով կամ հաճախ ավելի նուրբ և բնական: Ես այնպիսի գրաֆիկ ունեմ, որ օրվա ընթացքում չգիտեմ՝ որտեղ կարող եմ լինել: Փորձում եմ յուրաքանչյուր իրավիճակում այնպես անել, որ իմ հագուստն ինձ անհանգստություն չպատճառի: Պետք է խոստովանեմ՝ ինչ տեսակ հագուստ կրեմ, ես հաճախ եմ ուշադրության կենտրոնում լինում: Կարող է մեկ ուրիշը հագնի այն, ինչ ես եմ հագնում, և նույն արձագանքը և ուշադրությունը չլինի: Ուշադրությունից չեմ նեղվում, բայց չափից ավելի քննարկվելն էլ հոգնեցնում է:
Ուշադրությունը որքան էլ հաճելի է, այնքան էլ զգոնություն է պահանջում: Միշտ չէ, որ այն բարի նպատակներով է լինում: Դուք կարողանո՞ւմ եք արդյոք տարբերակել անկեղծությունը ստից և կեղծիքից:

Անկեղծ ասած՝ ամեն ինչի մեջ այնքան սուտ կա, և այնքան դիմակավորված են մարդիկ: Կարող է մարդ անգամ բարի մտադրությամբ մոտենա ինձ և մի հարց տա, ես չպատասխանեմ, որովհետև գուցե դրա տակ կեղծ բան է թաքնված: Ես չեմ վստահում ոչ մեկին և պահում եմ շփման տարածությունը: Իմ դեպքում ամեն ինչ չափի մեջ է, և կա մի սահման, որ չպետք է անցնել: Կյանքումս եղել են դեպքեր, երբ վստահել եմ մարդկանց և կարծել, որ անկեղծ են, բայց կյանքի ընթացքը լրիվ հակառակն է ապացուցել: Կար ժամանակ, երբ ամեն ինչ շատ ծանր էի տանում, բայց հիմա եթե նկատում եմ նման բան, փորձում եմ շրջանցել: Կյանքն ինքնին արդեն բարդ է, մենք չպետք է ավելի բարդացնենք: Պետք է դրական լինել, դա է կարևոր:
Ձեր ընկերներին ինչպե՞ս եք ընտրում: Արդյո՞ք նրանք շատ են:

Իմ սիրտն է ընտրում, ոչ թե ես: Կարող է մարդն իմ հանդեպ շատ լավը լինի, բայց ես նրան ինձ մտերիմ մարդ չհամարեմ: Ես պետք է գտնեմ ընդհանուր բան իմ և նրա մեջ: Ես շատ ընկերներ չունեմ և գտնում եմ, որ այսպես ավելի լավ է: Իմ շրջապատում շատ լավ մարդիկ կան, բայց բոլորը չեն, որ կարող են սրտիս մոտ լինել: Ես գտնում եմ, որ ընկերությունն էլ չափի մեջ է գեղեցիկ:
Ձեր միկրոբլոգում տեղադրված լուսանկարները հաճախ են քննարկման թեմա դառնում: Դրական խոսքերի կողքին լինո՞ւմ են նաև բացասականներ: Ամենից շատ ի՞նչ եք լսում Ձեր մասին:

Իմ մասին միշտ ասում են, թե իմ շուրթերը մեծացրած են: Ես չեմ ցանկացել երբևէ այս թեմայի մասին խոսել, բայց կարծում եմ՝ պետք է: Իմ շուրթերը բնական են, կարծում եմ՝ երևի նախանձն է խոսում, որ այդպես են ասում: Հաճախ էլ լսում եմ, որ ասում են, թե ես տգեղ եմ: Երբ իմ մասին վատ բան են գրում, դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Ես երբեք չեմ պատասխանում նման մեկնաբանություններին, թող ինձ ներեն, բայց ես երբեք չեմ հավասարվի նրանց մակարդակին: Լուրջ մարդը երբեք իրեն թույլ չի տա վատ բան գրել: Պետք չէ այդքան նախանձ լինել, ես խղճում եմ այդպիսի մարդկանց: Հաճախ էլ լսում եմ, որ ասում են, թե ես գոռոզ եմ: Ես այդպիսին չեմ, և ինձ ճանաչողները գիտեն դրա մասին, ես կուզեի՝ դրա մասին իմանային բոլորը:

Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել երկար ժամանակ փակվել սենյակում:

Մենակությունը, ես սիրում եմ մենակ լինել: Եթե ես ազատ ժամանակ եմ ունենում, այն չեմ անցկացնում ժամանցային վայրերում, սիրում եմ մենակ մնալ տանը, ինչ-որ համեղ բան պատրաստել, ֆիլմ դիտել: Մենակությունը հաճախ տարբեր մտքեր է բերում, ես անգամ քնելուց եմ մտածում: Ես փոփոխական մարդ եմ և սիրում եմ նորություններ, նոր գաղափարներ:
Հիմա հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում հեռուստաէկրաններին: Ինչո՞վ եք զբաղված այսօր:

Կկարոտեմ, եթե լրիվ դուրս գամ այս ասպարեզից: Հիմա դադարս դեռ ժամանակավոր է, բայց լինում են առաջարկներ տեսահոլովակներում նկարահանվելու, ֆոտոսեսիան էլ նույնպես ինձ համար աշխատանք է: Ներկայումս աշխատում եմ պետական համակարգում, այն ինձ թույլ է տալիս ավելի լուրջ և պատասխանատու գործով զբաղվել, ինչն ինձ շատ դուր է գալիս: Աշխատում եմ մինչև վեցը, իսկ դրանից հետո կարողանում եմ զգաղվել իմ անձնական գործերով: Այս աշխատանքն ինձ տալիս է մշտական ստաբիլ եկամուտ, իսկ ոչ պարբերաբար նկարահանումները ստաբիլ եկամտի աղբյուր չեն: Համաձայն չեմ, երբ ասում են՝ գումարը կարևոր չէ, բայց ինչպե՞ս կարող ես առանց դրա ապրել: Ես այն մարդն եմ, որ եթե ինձ ինչ-որ տեղ են հրավիրել, և ես գումար չունեմ, հաստատ տանից դուրս չեմ գա: Անկեղծ ասած՝ չեմ հիշում, երբ եմ ծնողներից գումար պահանջել: Տասներեք տարեկան էի, որ ամառային արձակուրդներին գնացի և վարսահարդարում սովորեցի: Մոտ տաս տարի է՝ զբաղվում եմ այդ աշխատանքով՝ կանանց և տղամարդկանց վարսահարդար եմ: Ես երբեք գումարից չեմ նեղվել, լինելով տան միակ երեխան՝ ծնողներս միշտ ինձ համար արել են ավելին: Ես սովոր եմ ամենալավին, այսպես կասեմ՝ ծնողներս ինձ բամբակների մեջ են պահել: Փառք Աստծո, հիմա էլ եթե նրանցից գումար ուզեմ, կտան, բայց ավելի լավ է ես նրանց տամ:
Նկարահանման ժամանակ նկատեցի, որ հաճաք եք զանգեր ստանում ընտանիքի անդամներից: Վերահսկո՞ւմ են Ձեզ:

Պատկերացրեք՝ ես նրանց հետ ավելի շատ խոսում եմ, քան տեսնում: Մենք կարող ենք օրվա ընթացքում մի քանի ժամ տեսնվել, բայց զանգահարելը միշտ կա: Քանի որ միակ երեխան եմ, ուրիշին չեն կարող զանգեն: Իսկ հաճախ տրվող հարցերը հետևյալն են՝ ուր եմ, ինչ եմ անում, հաց կերել եմ, թե՝ ոչ: Այնպես չէ, որ փորձում են վերահսկել ինձ, սա պարզապես ծնողական հոգատարություն է, որը շատ հաճելի է: Կարող եմ ասել, որ նրանք ինձ հիվանդագին են սիրում: Եթե իմ ստեղծած ընտանիքն էլ գոնե մի քիչ նման լինի իմ ընտանիքի մոդելին, ես միան երջանիկ կլինեմ:
Սովորաբար աղջիկներն ընտրում են այնպիսի ամուսիններ, ովքեր ինչ-որ չափով նման են իրենց հայրերին, խոսքը բնավորության մասին է: Քո դեպքում ինչպե՞ս է։

Իմ պարագայում ևս այդպես է: Իմ հայրը շատ բարի է, նա իսկապես ինձ համար տղամարդու իդեալ է: Նա արգելքներ չի դնում անգամ բաց կամ թափանցիկ հագնելու մեջ: Նա շատ ժամանակակից է մտածում: Ես ուզում եմ՝ իմ ամուսինն էլ այդպես լինի: Երբ ծնված օրվանիցդ ապրում ես մի միջավայրում և սովորում ես դրան, ապա միշտ ձգտում ես ունենալ դա նաև քո ընտանիքում, իսկ երբ հակառակն է ստացվում, դժվար է լինում համակերպվել: Ես շատ վաղուց եմ պատրաստ ընտանիք կազմելուն, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ լինում է ժամանակին: Իհարկե երբ ամուսնանամ և բալիկներ ունենամ, ինչքան էլ սիրում եմ իմ մասնագիտությունը, ես կմնամ իմ երեխաների կողքին և կտամ այն, ինչ ես եմ ստացել իմ ծնողներից: Ինձ համար առաջնայինն ընտանիքն է, իմ երեխաները, ամուսինս, ովքեր երբեք ոչ մի բանի կարիք չպետք է ունենան:












Նյութի աղբյուր: http://blognews.am/arm/news/264474/tox-indz-neren-bayc-es-chem-havasarvi-nranc-makardakin-anati-saq
Теги:


Хостинг от uCoz